Հայաստանում պաղպաղակի շուկան կենտրոնացվածության բարձր աստիճան ունի, ասվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած տեղեկատվության մեջ:
Տեղեկատվության համաձայն, ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պաղպաղակի շուկան, ինչի արդյունքում պարզվել է, որ 2008թ.-ին Հայաստանում իրացվել է 1 897 796,4 կգ պաղպաղակ: 12 ընկերության կողմից արտադրվել է 2 105 087,4 կգ պաղպաղակ, արտահանվել է 5-ի կողմից` 169 500,9 կգ պաղպաղակ:
Միաժամանակ նախորդ տարի հանրապետությունում չորս ընկերության կողմից ներկրվել է 32 254,7 կգ պաղպաղակ, այն դեպքում, երբ 2007թ.-ին պաղպաղակի ներկրում չի իրականացվել:
2008թ.-ի տվյալներով, իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարողներն են՝ «Աշտարակ-Կաթը»` 39,3 տոկոս, «Թամարան»` 18,7 տոկոս և «Էլիտ Շանթը»` 12,4 տոկոս բաժիններով:
Հաշվի առնելով Հայաստանում բնակչության թվաքանակը՝ 2008թ. մեկ շնչի հաշվով տարեկան իրացվել է 0,6 կգ պաղպաղակ` 2007թ. 0,7 կգ-ի դիմաց:
Տեղեկատվության համաձայն՝ «Աշտարակ-Կաթը» շուկայի միակ գերիշխողն է:-0-