Չորեքշաբթի Երևանի քաղաքապետարանում ստորագրվեց եռակողմ հուշագիր` Ասիական զարգացման բանկի ներկայացուցչի, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի միջև: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, պայմանագրի համաձայն` մայրաքաղաքում կմեկնարկի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը:
«Ասիական զարգացման բանկը հիշյալ ծրագրի իրականացման նպատակով վարկային միջոցներ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: Որպես առաջնահերթ բաղկացուցիչներ` ծրագրում նախանշված են Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարելավման, երթևեկության անվտանգության և կառավարման խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ քաղաքապետարանի կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի ծրագիրը մայրաքաղաքում հնարավորին չափ շուտ կյանքի կոչվի. «Այսօր հասարակական տրանսպորտի բարելավման խնդիրները մայրաքաղաքում հրատապ են, և Երևանում երթևեկության կառավարման կարգավորման ուղղությամբ առաջիկա տարիներին հետևողական աշխատանքներ են տարվելու»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:
Տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագրում ընգրկվել են տրանսպորտի կանոնակարգմանն առնչվող այն գերակա ուղղությունները, որոնք հրատապ լուծում են պահանջում մայրաքաղաքում։
Դրանց թվում նշվեցին Արտաշատի և Աշտարակի մայրուղիներին միացնող ճանապարհային երեք նոր հանգույցի կառուցումը, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի` Սայաթ-Նովայի պողոտայի կողմից նոր մուտքի կառուցումը և մետրոպոլիտենի ցանցի հետագա զարգացման ռազմավարության ուսումնասիրությունը:
Ասիական զարգացման բանկի խմբի ղեկավար Առնո Դոֆինը կարևորեց Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը բանկի հետ և նշեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում ծրագիրն իրականություն կդառնա: Քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի յուրաքանչյուր փուլի համար բանկի տնօրենների խորհուրդը կտրամադրի որոշակի ֆինանսական և տեխնիկական աջակցություն:
Նախապատրաստական, ինչպես նաև հետագա բոլոր աշխատանքները կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: -0-