ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ղեկավարությունը, խորհրդարանը և ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի կողքին` հանուն հայ ժողովրդի ինքնորոշման ու վերամիավորման արդար դատի, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալության ըտեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով իր արցախցի գործընկերոջը Հայաստանի խորհրդարանում` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել է շփումը Հայաստանի և Արցախի օրենսդիրների միջև, որը թույլ է տալիս փոխադարձաբար հստակեցնել դիրքորոշումները հանուն միասնական ազգային նպատակների: Այդ համատեքստում նա հատկապես կարևորեց մասնագիտական հանձնաժողովների միջև ուղղակի կապերի զարգացումը:
«Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարն իր գոհունակությունը հայտնեց այն կապակցությամբ, որ հայոց երկու օրենսդիր մարմիններն օգտագործում են յուրաքանչյուր առիթ համագործակցելու համար: Նա ևս կարևորեց Միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև երկու խորհրդարանների մասնագիտական հանձնաժողովների միջև անցկացվող ուղղակի քննարկումները, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվում ազգաբնակչությանն անհանգստացնող օրախնդիր հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև զրուցակիցներն ունեցան առանձնազրույց, որի ընթացքում քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:-0-