ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հանգստյան օրերին մայրաքաղաքի մի շարք համայնքներում հրդեհներ են բռնկվել, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, շաբաթ ցերեկը ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 46ա շենքին հարակից ձորում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, 1 ժամից պակաս ժամանակում հանգցրել է հրդեհը: Այրվել է 5 ծառ և 150քմ մակերեսով չոր խոտ:
Նույն օրը երեկոյան հրդեհ է բռնկվել Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցին հարակից տարածքում` Հրազդանի կիրճում: Արդյունքում այրվել է չոր խոտ` 100 քմ մակերեսով:
Կիրակի գիշեր լույս երկուշաբթի ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսահակյան շրջանի 1/2 շենքում /Ավան համայնք/:
Դեպքի վայր ժամանած հրշեջները մեկ ժամից պակաս ժամանակում հանգցրել են կրակը, որի արդյունքում այրվել են շենքի առաջին հարկի էլեկտրականության վահանակն ու լարերը: -0-