Հայ փորձագետն անհնար է համարում Հայաստանի և Ադրբեջանի միաժամանակյա մասնակցությունը «Նաբուկո» նախագծին

12.06.2009, 20:03
Հայ փորձագետն անհնար է համարում Հայաստանի և Ադրբեջանի միաժամանակյա մասնակցությունը «Նաբուկո» նախագծին

Հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն անհնար է համարում Հայաստանի և Ադրբեջանի միաժամանակյա մասնակցությունը «Նաբուկո» նախագծին:

«Ես շատ դժվարությամբ եմ պատկերացնում այնպիսի մի նախագիծ, որում մասնակցեին և Հայաստանը, և Ադրբեջանը: Ես պարզապես չեմ կարող պատկերացնել, որ Ադրբեջանից  Հայաստան ուղիղ գծով որևէ խողովակ գա, և որ Վրաստանի տարածքով որևէ բան Ադրբեջանից Հայաստան գա: Դա նույնպես ես  չափազանց դժվար եմ պատկերացնում»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իսկանդարյանը: 

Նրա խոսքերով՝ 20 տարի անց ամեն բան կարող է պատահել, բայց հիմա դժվար է պատկերացնել երկու հակամարտող երկրների ներգրավումը մեկ նախագծում:

«Նաբուկո» գազատարի շինարարությունը, որը Ռուսաստանը շրջանցելով անցնելու է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի , Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի , Ավստրիայի և, հնարավոր է, Գերմանիայի տարածքով, ծրագրվում է սկսել 2010 թ.-ի վերջին և ավարտել 2013 թ-ին: Գազատարի նախագծային արժեքը 7,3 մլրդ դոլար է կազմում: 

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դադարեցին 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-