ՀՀ Սյունիքի մարզում սրտաբանական կենտրոն կառուցելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը կհատկացնի շուրջ 820 հազ. դոլար
ՀՀ Սյունիքի մարզում սրտաբանական կենտրոն կառուցելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը կհատկացնի շուրջ 820 հազ. դոլար։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից, կենտրոնը կկառուցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի և Ակներ համայնքի տարանցիկ գոտում, որը կլինի Հայաստանի հարավային շրջանների և Արցախի բնակչությանը սպասարկող միակ սրտաբանական բուժհաստատությունը:
Նախագծի նախնական արժեքը կազմում է շուրջ 820 հազ. դոլար, որը ստանձնել են հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, Մարսելի «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միությունը» (ASAF) և «Բյուշ Դյու-Ռոն» Ֆրանսիայի հարավային նահանգը: Գումարի զգալի մասը հիմնադրամին է կտակել ֆրանսահայ բարերար Գրիգոր Շահինյանը:
Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի խոսքով` Ֆրանսիայի ամենախոշոր նահանգներից մեկում կայացած այս եռակողմ համագործակցությունը ոչ միայն համախմբում է հայ համայնքին, այլ ևս մեկ անգամ փաստում հիմնադրամի վայելած մեծ վստահությունը:
Հիվանդանոցը կգործի որպես Երևանի սրտաբանական կենտրոնի մասնաճյուղ: Երկհարկանի հիվանդանոցի կառուցումը մեկնարկել է մայիսի սկզբին և ներկայումս տարվում են հողային աշխատանքները։
Հիվանդանոցը կունենա գլխավոր մասնաշենք, պոլիկլինիկա և կաթսայատուն, որը կապահովի բուժհաստատության կենտրոնացված ջեռուցումը։
Բուժհաստատությունն օրական կսպասարկի 20 ամբուլատոր այցելուի, ևս 16 հիվանդ կստանան ստացիոնար բուժում: Հիվանդանոցին հարող տարածքը կբարեկարգվի ու կկանաչապատվի:
«Երևան հասնելու փոխարեն հիվանդը կկարողանա համապատասխան բժշկական օգնություն ստանալ այս կենտրոնում, որը կապահովի մատչելի ու որակյալ բուժսպասարկում» - նշում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին՝ ՀՀ նախագահի հրամանով։
Գործունեության 16 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված 185 միլիոն դոլարի ծրագրեր։ Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների զարգացմանը և բարեգործության խթանմանը։ Հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 463,8 կմ երկարությամբ ճանապարհ, 211,8 կմ երկարությամբ ջրատար, 102 դպրոց, 410 բնակելի տուն, 35 բուժհաստատություն։-0-