ՀՀ նախագահը երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներն է քննարկել Իտալիայի դեսպանի հետ

10.06.2009, 16:22
ՀՀ նախագահը երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներն է քննարկել Իտալիայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է միջպետական համագործակցության զարգացման հեռանկարները, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։  

Նախագահը, ով դեսպանին ընդունել էր մեր երկրում վերջինի դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել նրան` հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար: Կողմերն ընդգծել են երկու երկրների դինամիկ զարգացող փոխգործակցությունը, ակտիվ քաղաքական երկխոսությունը,  մշակույթի ոլորտում արդյունավետ գործակցությունը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ առևտրային փոխանակումներին զուգահեռ տարեցտարի Հայաստանի տնտեսության մեջ ավելանում է իտալական կապիտալը: Երկկողմ տնտեսական համագործակցության առաջամարտիկ «Ռենկո» ընկերությունը Հայաստան է բերել շինարարության ոլորտում աշխատանքի բոլորովին նոր մշակույթ:

Դեսպան Լավեցո Կասինելին ասել է, որ իտալական կապիտալը Հայաստանում իրեն հարմարավետ է զգում. ներդրումների վերաբերյալ բաց և լիբերալ օրենսդրությունը մեծ առավելություն է ներդրողների համար:

Իտալացի դիվանագետը նաև նշել է, որ մշտապես կմնա Հայաստանի լավ բարեկամը:-0-