ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ կստեղծվի, ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը ստեղծվում է՝ ելնելով ՀՀ պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումների պահանջներից` զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության խստացման և զինված ուժերում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով։
Տեղեկատվության համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը կազմված կլինի գիտության, կրթության, բնապահպանության, սպորտի, առողջապահության բնագավառների, Հայ Առաքելական եկեղեցու մեկական և մշակույթի բնագավառի, հասարակական կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների երկուական ներկայացուցչից։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդում ընդգրկվել ցանկացողները մինչև 2009 թվականի հունիսի 30-ը պետք է Պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնեն դիմում, անձնագրի պատճեն, ինքնակենսագրություն, իրեն ներկայացրած կազմակերպության երաշխավորագիրը, կազմակերպության կանոնադրությունը և գործունեության համառոտ նկարագրությունը։-0-