ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցչության կողմից կազմակերպված միջոցառումը, որը նվիրված է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվան, տեղի է ունեցել ուրբաթ Հայաստանի Բնության պետական թանգարանում։
Շրջական միջավայրի և բնության պաշտպանության ոլորտում կատարած նշանակալի ավանդի համար ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ոսկե մեդալներ և 100 000 դրամ (270 ԱՄն դոլար) դրամական պարգև հանձնեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, ՄԱԿ-ի բնության պաշտպանության ծրագրի ազգային կոմիտեի նախագահ, «Հանուն մարդկության կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանին և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կառավարման բաժնի պետ Ջուլետա Ղազարյանին։
Հուշանվերներ հանձնվեցին ՀՀ բնապահպանության նախարարության քարտուղարության վարչատնտեսական սպասարկման բաժնի պետ, քարտուղարության պետի տեղակալ Սպարտակ Մայիլյանին, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Գրիշա Մուրադյանին և ՀՀ բնության պետական թանգարանի աշխատակից Վարդգես Հակոբյանին։
Միջոցառման ընթացքում Հարությունյանը ներկայացրեց շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի հիմնական ձեռքբերումներն ու առավել հրատապ խնդիրները, որոնք անհետաձգելի լուծման կարիք ունեն։
«Այսօրվա դրությամբ հիմնական բնապահպանական խնդիրները, որոնք գտնվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ջերմոցային գազերի կրճատումն է, կլիմայի փոփոխությունը, մթնոլորտի օզոնային շերտի քայքարումը, ռադիոակտիվ թափոնների վերամշակումը, անապատացման դեմ պայքարը, կանաչ տարածքների ընդլայնումը, ֆլորայի և ֆաունայի պոպուլյացիաներին աջակցելը», - ասաց նախարարն՝ ավելացնելով, որ այս խնդիրները հրատապ են նաև Հայաստանում։
Հարությունյանը նշեց Հայաստանի ակտիվ դիրքը միջազգային կառույցների հետ համագործակցության մեջ՝ հայտարարելով, որ Հայաստանը բնության պաշտպանության և բնապահպանության հարցերի վերաբերյալ մի քանի տասնյակ միջազգային կոնվենցիաների մասնակից է, ինչպես նաև ակտիվորեն հանդես է գալիս օրինաստեղծ նախաձեռնությամբ։
Այս համատեքստում Հարությունյանը ներկայացրեց վերջին ժամանակներս կատարված աշխատանքի արդյունքում ստացված որոշակի ձեռքբերումները, մասնավորապես՝ Սևանա լճի մակարդակաի բարձրացման կայուն միտումը, Հայաստանի ջրօգտագործման գործընթացի շուրջ 95 տոկոսի իրավական կարգավորումը։
Հարությունյանը հատկապես ընդգծեց հանրության շրջանում բնապահպանական կրթության, բնակչության իրազեկության, տեղեկության մատչելիության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև հանրության անմիջական մասնակցությունը օրինաստեղծ գործընթացում։
Բնապահպանի կամ Շրջական միջավայրի համաշխարահյին օրը նշվում է գրեթե բոլոր եվրոպական երկրներում։ Այս տոնը սահմանվել է 1972 թ.-ի դեկտեմբերի 15-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ՝ «շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու անհրաժեշտության վրա հասարակության ուշադրությունը գրավելու նպատակով»։-0-