Հայաստանն ավելի նպատակային աջակցություն է ակնկալում «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը։
«Այս տարվանից մենք «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության անդամ դարձանք, որը ունի հստակ բովանդակություն, և հուսով ենք, որ այն ծրագրերը, որոնք կիրականացվեն «Արևելյան գործընկերության» շրջանակներում, ավելի նպատակային կլինեն, քանի որ ոչ միայն կարևոր ուղղվածություն ունեն, այլև միջոցների հստակ չափ բոլոր երկրների համար»,- ասաց Կիրակոսյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով ԱԳՆ գծով 2008 թ.-ի բյուջեի կատարման հաշվետվությունը։
Ըստ ԱԳՆ ղեկավարի տեղակալի՝ խոսքը բազմակողմ ծրագրերի շրջանակներում 250 մլն եվրո տրամադրելու մասին է, և համանման գումարի մասին՝ 6 երկրների հետ երկկողմ ծրագրերի իրականացնելու համար։
«Արևելյան գործընկերությունը» լեհ-շվեդական նախաձեռնություն է՝ հարևանության քաղաքականության շրջանակներում, որն ուղղված է հետխորհրդային երկրների և ԵՄ-ի միջև հարաբերությունների բարելավմանը։ «Արևելյան գործընկերությունը» պետք է ընդգրկի Եվրամիության վեց հարևան երկրներին՝ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային և Բելառուսին։ Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն այդ երկրներին կհատկացնի 600 միլիոն եվրո 2009-2013 թթ.-ին։
Կիրակոսյանը նշեց, որ ԵՄ-ն Հայաստանին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում հիմնականում երկու ծրագրերով՝ ՏԱՍԻՍ և «Եվրոպական հարևանության»։
«ՏԱՍԻՍ-ն ավարտում է իր ծրագիրը Հայաստանում, իսկ Եվրահանձնաժողովի ծրագրերն իրականացվում են հիմնականում «եվրոպական հարևանության» քաղաքականության շրջանակներում։ Հայաստանին տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական օգնությունը կանոնակարգվում է «Ազգային ինդիկատիվ» ծրագրով բյուջետային հատկացումների տեսքով»,- ասաց փոխնախարարը։
Նա հավելեց, որ այս ծրագրում կա երեք հիմնական ուղղություն՝ աջակցություն ժողովրդավարական կառույցներին և կառավարման ամրացմանը, աջակցություն կանոնակարգող բարեփոխումներին և վարչական հնարավորությունների ստեղծում, աջակցություն աղքատության կրճատմանը։
Կիրակոսյանը նշեց, որ «Ազգային ինդիկատիվ» ծրագրի շրջանակներում 2008 թ.-ի հունիսին Հայաստանը ստացել է առաջին տրանշը 2007 թ.-ին հասատված միջին մասնագիտական կրթության ծրագրով, իսկ 2009 թ.-ի փետրվարին՝ երկրորդ տրանշը՝ 16 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրից։
Ընդ որում նա նշեց, որ 2008 թ.-ին առաջնահերթ են դիտվել արդարադատության ոլորտի բարեփոխումները, սակայն մինչ այժմ Եվրահանձնաժողովը այս նպատակի համար միջոցներ չի հատկացրել։
2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 7-րդ լիագումար նիստի ընթացքում ընդունվել և ուժի մեջ է մտել «Նոր հարևանություն» ծրագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ գործողություների հնգամյա ծրագիրը։
Եվրամիությունը ծրագրում էր տրամադրել Հայաստանին 100 մլն. եվրո՝ առաջնահերթությունների և Հայաստան-ԵՄ համագործակցության միջոցառումերի ծրագրերի իրականացման համար:--0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում