Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները կազմակերպվել էին եվրոպական չափորոշիչներին համապատասխան. եվրոպացի դիտորդներ

01.06.2009, 13:09
Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները կազմակերպվել էին եվրոպական չափորոշիչներին համապատասխան. եվրոպացի դիտորդներ
Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները կազմակերպվել էին եվրոպական չափորոշիչներին համապատասխան. եվրոպացի դիտորդներ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները կազմակերպվել էին եվրոպական չափորոշիչներին համապատասխան, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդների պատվիրակության ղեկավար Նիգել Մերմագենը։

«Դիտորդների առաքելությունը զգալի առաջընթաց է արձանագրել՝ Հայաստանում 2008 թ.-ի սեպտեմբերին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատ», - ասաց նա՝ ներկայացնելով Երևանում մայիսի 31-ին անցկացված Ավագանու խորհրդի ընտրությունների մասին միջանկյալ զեկույցը։

ԵԽ դիտորդները գոհունակություն հայտնեցին, որ Հայաստանը սեփական ջանքերով նպաստում է ժողովրդավարության ներդրմանը։

Ընդհանուր առմամբ, Մերմագենի խոսքերով, Ավագանու խորհրդի ընտրություններն անցել են բավարար՝ որոշ բացթողումներով։

ԵԽ դիտորդների առաքելությունը, ողջունելով Հայաստանում Երևանի քաղաքապետի առաջին ընտրությունների անցկացումը, բավարարված է ընտրությունների ընթացքում քվեարկության գործընթացից։

Երևանում մայիսի 31-ին ավարտվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Երևանի Ավագանու խորհուրդ են անցել անհրաժեշտ շեմը հաղթահարած երկու կուսակցություն և մեկ քաղաքական դաշինք։

Արձանագրության համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 190171 ձայն (47,39 տոկոս)։ 91141 ձայնով (22,71 տոկոս) երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, երրորդ տեղում է 69871 ձայն (17,41 տոկոս) հավաքած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։

«Օրինաց երկիր» կուսակցությունը ստացել է 20959 ձայն կամ 5,22 տոկոս, Հայ հեղափոխական դաշնակցությունը ստացել է 18648 ձայն (4,65 տոկոս), Ժողովրդական կուսակցությունը՝ 8569 ձայն (2,14 տոկոս), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 1951 ձայն (0,49 տոկոս)։

ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ ձայնի իրավունք ունեցող 771 477 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 407745 մարդ կամ ընտրողների 52,85 տոկոսը։ --0--