ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մի շարք ԶԼՄ-ներ հորինված լուրեր են տարածում Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների ժամանակ կատարված ընտրախախտումների մասին, ինչի միջոցով փորձում են ստեղծել զանգվածային ընտրախախտումների տպավորություն, հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ ընտրախախտումների վերաբերյալ գրավոր հաղորդում գլխավոր դատախազությունում ժամը 18:00-ի դրությամբ չեն ստացվել: Սակայն ընթացք են տրվում բոլոր ահազանգերին՝ ինչպես բանավոր ստացված, այնպես էլ ընտրախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվությանը, կուսակցությունների, դաշինքների նախընտրական շտաբերի հայտարարություններին:
Ընտրական հանձնաժողովների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, դիտորդների, վստահված անձանց աշխատանքներին խոչընդոտելը, ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելը, քվեարկության արդյունքները կեղծելը քրեորեն հետապնդելի արարքներ են, և դատախազությունը հետամուտ է լինելու, որպեսզի այդօրինակ արարքների վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգ գրանցվի և ստուգվի:
Ընտրախախտումների հեղինակները, հասարակական կարգը խախտողները և ակնհայտ սխալ տեղեկատվություն տարածողները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:
Մայիսի 31-ին Երևանում անցկացվեցին Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:
Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվեցին համամասնական ընտրակարգով:
Ընտրություններին մասնակցեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթև Օհանյանի խոսքերով, ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն 24 ժամվա ընթացքում։ Միաժամանակ նա նշեց, որ ԿԸՀ-ն պատրաստ է հայտարարությամբ հանդես գալ վաղ առավոտյան։
Ժամը 18։00-ի դրությամբ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 41,66 տոկոսը —0—