Երեք ընդդիմադիր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ծեծի են ենթարկվել Երևանի ընտրատեղամասերից մեկում. ՀԱԿ

31.05.2009, 12:13
Երեք ընդդիմադիր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ծեծի են ենթարկվել Երևանի ընտրատեղամասերից մեկում. ՀԱԿ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հաղորդում է Երևանի ընտրատեղամասերից մեկում երեք ընդդիմադիր  թերթերի լրագրողներին ծեծի ենթարկելու դեպքի մասին։

Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրություններ: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:

Կիրակի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ՀԱԿ-ի տեղեկատվության համաձայն՝ ժամը 10։25-ին 9/1 տեղամաս է ներխուժել ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանը և հրահանգել թիկնապահներին դուրս հանել «Չորրորդ իշխանություն», «Հայք», «Ժամանակ Երևան» թերթերի լրագրողներ Գոհար Վեզիրյանին, Տաթև Մեսրոպյանին և Մարինե Խառատյանին։

«Ի պատասխան լրագրողների հարցումների՝ թիկնապահներն ու նրանց պարագլուխները լրագրողներին ծեծի են ենթարկել, խլել նրանց ձայնագրիչներն ու հեռախոսները և դուրս են հանել ընտրատեղամասից։ Այս ամենը զուգորդվել է հայհոյանքներով», - նշվում է տեղեկատվության մեջ։

Լրագրողները պատրաստվում են հայտարարություն ներկայացնել ոստիկանության բաժանմունք։

Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:

Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։  --0—