Ղարաբաղում երկարատև խաղաղության կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով. Նորվեգիայի դեսպան

26.05.2009, 15:54
Ղարաբաղում երկարատև խաղաղության կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով. Նորվեգիայի դեսպան

 Ղարաբաղում երկարատև խաղաղության կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով և հավասարակշիռ բանակցություններով, երեքշաբթի ասաց ՀՀ-ում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Կնուտ Հոուգը (Knut Houg, նստավայրը՝ Մոսկվայում) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերը հանձնելուց հետո։

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Նորվեգիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և գտնում է, որ բացառապես խաղաղ ճանապարհով ու հավասարակշիռ բանակցային գործընթացի միջոցով է միայն հնարավոր հասնել տևական խաղաղության»,- դիվանագետի խոսքերը մեջբերեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային տարբեր կառույցներում Նորվեգիայի հավասարակշիռ վերաբերմունքը տարածաշրջանի խնդիրների նկատմամբ:

Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ  Հայաստանը հետաքրքրված է Նորվեգիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմամբ ու խորացմամբ:

Երկրի ղեկավարի խոսքով` հայ ժողովուրդը Նորվեգիայի մասին իր պատկերացումները մեծապես կազմել է նաև մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի վեհ առաքելությամբ:

Նախագահը միաժամանակ ասել է, որ Հայաստանում երախտագիտությամբ են հիշում և բարձր են գնահատում Նորվեգիայի ժողովրդի աջակցությունը 1988թ. երկրաշարժից հետո աղետի գոտու վերականգնման գործընթացին:

«Հայաստանում այսօր կա նորվեգական գյուղը, որը մեզ մշտապես հիշեցնում է այդ մեծ օգնության ու օժանդակության մասին»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Դեսպանն ասել է, որ Նորվեգիան ևս կարևորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը և պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Կողմերը կարևորել են երկու երկրների ներուժի արդյունավետ օգտագործումը, քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների հետագա զարգացումը և համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:

Նորանշանակ դիվանագետը վստահեցրել է, որ կանի հնարավորն` առաջ մղելու երկու երկրների գործակցությունը:-0-