Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հինգաբթի ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղաեյանին, հայտնեց խորհրդի մամուլի քարտուղար Գայանե Գասպարյանը:
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Ընդգծվել է Հայաստանի և Իրանի ազգային անվտանգության խորհուրդների միջև կապերի ամրապնդման ու զարգացման անհրաժեշտությունը»,- նշեց Գասպարյանը:
Քննարկվել են նաև հայ-իրանական երկաթգծի և նավթամուղի կառուցմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
Սեյիդ Ալի Սաղաեյանը շնորհակալություն է հայտնել «Անվտանգությունը և համագործակցությունը Կովկասում և նրա շուրջ» միջազգային համաժողովի` բարձր մակարդակով կազմակերպման և անցկացման համար` նշելով, որ դա տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված կարևոր քայլ էր:--0--