ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցություն է հայտնել կյանքից հեռացած հասարակական գործիչ և լրագրող Այդին Մորիկյանի ընտանիքին և մտերիմներին, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Խոր վշտով իմացա ճանաչված լրագրող և խմբագիր Այդին Մորիկյանի վաղաժամ մահվան լուրը: Նրա անունը սերտորեն կապված է Արցախյան շարժման, Հայոց անկախ պետականության վերականգնման եւ զարգացման հետ: Նա այն մտավորականներից էր, ովքեր առանց երկմտելու կանգնեցին ժողովրդի կողքը, ուժ ու եռանդ չխնայեցին նրա իղձերը իրականություն դարձնելու համար», - ասվում է տեղեկատվության մեջ։
ՀՀ վարչապետի խոքերով՝ Այդին Մորիկյանը հիմնադրեց և գլխավորեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրակազմը, աշխատեց այլ լրատվամիջոցներում` մեծ նպաստ բերելով Հայաստանի անկախ մամուլի կայացմանը:
«Այդին Մորիկյանի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին և մերձավորներին, լրագրողական հանրությանը», - նշվում է տեղեկատվության մեջ։
Հայ հասարակական գործիչ Այդին Մորիկյանը ծնվել է 1958 թ.-ի ապրիլի 18-ին Աշտարակի շրջանի Օշական գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1978-1981 թթ.-ին՝ Մոսկվայի պետական համալսարանը՝ լրագրողի որակավորմամբ։
1981 թ.-ից եղել է «Երևանյան համալսարան» թերթի թղթակից, ինչից հետո՝ «Ավանգարդ» թերթի թղթակից, 1987 թ.-ին դարձել է այդ թերթի խմբագիր։ 1990-1997 թթ.-ին զբաղեցրել է «Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։
1990-1995 թթ.-ին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995-1996 թթ.-ին զբաղեցրել է Տեղեկատվության փոխնախարարի, ՀՀ կառավարությանն առընթեր Տնտեսական բարեփոխումների քարոզչության և տեղեկատվության կենտրոնի տնօրենի պաշտոնը։ 1995-1999 թթ.-ին վերընտրվել է որպես խորհրդարանի պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ էր։ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության անդամ էր։
2000 թ.-ից զբաղեցրել է «Հայացք Երևանից» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը, իսկ 2002 թ.-ից՝ «Օրրան» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։-0-