«Արևելյան գործընկերությունը» Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման նոր հնարավոություններ է բացում

15.05.2009, 19:37
«Արևելյան գործընկերությունը» Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման նոր հնարավոություններ է բացում

Վերջերս Պրահայում մեկնարկած «Արևելյան գործընկերությունը» Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման նոր հնարավոություններ է բացում, ասվում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթում Եվրոպայի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը։

«Հայաստանն առաջիններից մեկն է ողջունել այս տարածաշրջանային նախաձեռնությանը, և որպես գործընկեր-երկիր ամենագործուն մասնակցությունն ունի «Արևելյան գործընկերության» կայացման գործում»,- նախարարի խոսքերը մեջբերեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նա նաև նշեց, որ այս տարի լրանում է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու տասնամյակը:

Նախարարն իր խոսքում նշեց, որ այսօր Հայաստանը ևս իր մասնակցությունն է բերում միասնական, անվտանգ և զարգացող Եվրոպայի կերտման գործընթացին, անդամակցում է մայրցամաքի առանցքային կառույցներին` Եվրոպայի խորհրդին ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, իր ներդրումը բերելով դրանց աշխատանքներին և համաեվրոպական օրակարգի ձևավորմանը` անվտանգության և ժողովրդավարության ամրապնդման հարցերում: 

«Անկախությունից ի վեր ձեռք բերված մեր հաջողությունները, ինչպես ներքին բարեփոխումների և տնտեսական զարգացման, այնպես էլ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, չեն կարող աննկատ անցնել: Այդ առաջընթացի ընթացքում մեզ համար մեծապես կարևոր է եղել Եվրոպայի աջակցությունը»,- ասել է Նալբանդյանը:

Նա նաև նշեց, որ Եվրոպական միության և Հայաստանի ղեկավարության միջև ամենաբարձր քաղաքական մակարդակի շփումներին զուգահեռ` ամրապնդվում են նաև մեր տնտեսական համագործակցությունն ու առևտրային կապերը: Այսօր Հայաստանի արտահանման զգալի մասը բաժին է ընկնում եվրոպական մրցունակ շուկային, իսկ ապրանքաշրջանառության ծավալները կայուն զարգացման միտում ունեն:

Նրա կարծիքով այս ամենը վկայում է, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը կարող է հաջողված լինել:

«Եվրոպայի օրն, այս առումով, այն եզակի տոներից է, որը միասնաբար նշում են մի քանի տասնյակ ժողովուրդներ և որը խորհրդանշում է նրանց խաղաղ, անվտանգ, ազատ և բարեկեցիկ ապրելու, համատեղ արժեքների վրա կառուցված ապագա կերտելու երազանքը, կամքը և վճռականությունը»,- ընդգծեց Նալբանդյանը:

Նախարարը նշեց, որ մահաբեր այդքան պատերազմներից, երկու դաժան աշխարհամարտերից հետո վերածնվելու ուժ գտնելով և ժողովուրդների համար հաշտ ու միասնական ճակատագիր կերտելով` Եվրոպան ողջ մարդկության համար դարձավ, խաղաղության, կայունության, ներդաշնակության ու միասնության խորհրդանիշ և ուղենիշ:

Նա արժանին մատուցեց եվրոպական պետական այրերին, նրանց իմաստնությանն ու խիզախությանը, նրանց քաղաքական կամքին և վճռականությանը, ինչը եվրոպական ժողովուրդներին հնարավորություն տվեց վերագտնելու ապագայի նկատմամբ վստահությունը և մեր մոլորակին վերադարձրեց ապահով ապագայի հույսը:

Իր խոսքն ավարտելով՝ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորությամբ մեր արտաքին քաղաքականությունը ջանում է կարգավորել առկա հիմնախնդիրները: Դա հնարավոր է անել տարածաշրջանում փոխադարձ վստահության և հարգանքի միջոցով, այն նույն եղանակով, ինչը հնարավոր դարձրեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը և մայրցամաքի հետագա ներդաշնակ զարգացումը:-0-