Ռուս դիվանագետն առաջարկում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղություն հարկադրելու մեխանիզմ մշակել

15.05.2009, 16:48
Ռուս դիվանագետն առաջարկում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղություն հարկադրելու մեխանիզմ մշակել
Ռուս դիվանագետն առաջարկում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղություն հարկադրելու մեխանիզմ մշակել

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիրմիր Կազիմիրովն առաջարկում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղություն հարկադրելու մեխանիզմ մշակել։

«Ես չեմ տեսնում ռազմական գործողությունների չվերսկսելն ապահովելու այլ միջոցներ, բացի խաղաղությանը համակարգային հարկադրման մշակումից, բայց ոչ թե ռազմական, այլ քաղաքական, դիվանագիտական, քաղաքակիրթ միջոցներով, ցույց տալով, որ ռազմական գործողությունների վերսկսումն ապակառուցողական է»,- ասաց Կազիմիրովը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ըստ նրա, այն դեպքում, եթե կողմերը պայմանավորվեն խաղաղապահ օպերացիայի անցկացման մասին, կանցկացվի խաղաղության պահպանման օպերացիա։

«Մինչ կորոշվի խաղաղության պահպանմանը մասնակցող երկրների շրջանակը, նույն պետությունները պետք է պարտավորվեն մասնակցել խաղաղության հարկադրման երկրորդ օպերացիային, եթե դա պահանջվի»,- ասաց Կազիմիրովը։

«Պետք է համատեղել խաղաղապահ օպերացիան երկրորդ, խաղաղության հարկադրման ավելի կոշտ օպերացիա անցկացնելու հնարավոր հեռանկարի հետ»,- ասաց դիվանագետը՝ նշելով, որ դա տպավորիչ, զսպող գործոն կհանդիսանա արկածախնդիրների համար, ովքեր կփորձեն «հարվածել» խաղաղապահների հեռանալուց հետո։

Դիվանագետի խոսքերով, ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ ռազմական գործողությունների վերսկսում Ղարաբաղում, և ոչ միայն խաղաղության դրական կողմերը հասկանալու տեսանկյունից, այլ որպեսզի իրագործվի այն համաձայնագիրը, որի հիմնարար սկզբունքների վրա ներկայում աշխատում են ՄԽ համանախագահները՝ ԱԳՆ ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ։

Նրա խոսքերով, հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո մեկ կամ մեկուկես տարի կծախսվի համաձայնությունները համաձայնագրի լեզվով թարգմանելու համար։ Միաժամանակ չկա որևէ երաշխիք, որ համաձայնագիրը կկատարվի։

Մասնավորապես, Կազիմիրովը հիշեցրեց, որ 1995 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների կողմից ստորագրվել է  համաձայնագիր՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ։

Ըստ նրա, այդ համաձայնագիրը չի իրագործվում, մասնավորապես, այն պատճառով, որ ոչ բոլորին է դուր գալիս Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, որ այն նախատեսել է անմիջական շփումներ հակամարտող կողմերի միջև՝ քաղաքական ղեկավարության, ռազմական ղեկավարության և տեղական դաշտային հրամանատարների մակարդակով։

Կազիմիրովը հիշեցրեց, որ 2005 թվականին Սերժ Սարգսյանը, դեռ պաշտպանության նախարար լինելու ժամանակ ասաց, որ Հայաստանը պատրաստ է վերադառնալ այդ համաձայնագրի կատարմանը, եթե նման կերպ վարվի նաև ադրբեջանական կողմը։ Նմանատիպ դիրքորոշում ուներ նաև Լեռնային Ղարաբաղը։

«Իսկ Բաքուն բերանը ջուր էր առել»,- ընդգծեց դիվանագետը։ Կազիմիրովի խոսքերով, ղարաբաղյան կարգավորման համատարած համաձայնագրի կատարման համար պետք է լիովին բացառել ռազմական գործողությունների վերսկսումը։

«Ո՞վ կհանձնի ավելի հարմար, ավելի ամուր և ձեռնտու դիրքերը, որպեսզի հետո ենթարկվի գրոհի և պաշտպանի պակաս հարմար, պակաս ամուր և պակաս խոցելի դիրքերը։ Որտե՞ղ է սառը հաշվարկը։ Ես վատ եմ տեսնում երբևէ ստորագրվելիք համաձայնագրի կատարման հնարավորությունը, եթե չվերանա ռազմական գործողությունների վերսկսման վտանգը»։
 
Ըստ նրա, տարբեր երկրների ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե գոյություն չունի խնդրի լուծում ռազմական ճանապարհով, հասցեագրված են ոչ թե Երևանին և Ստեփանակերտին, այլ «բոլորովին այլ մայրաքաղաքի, որտեղից հնչել է ռազմական հռետորությունը, թեև ներկայում փոքր-ինչ հազվադեպ և մեղմ, հսկայական տեմպերով ռազմական բյուջեի ավելացման կոչը»։

Միաժամանակ դիվանագետն ավելացրեց, որ ուժերի մոտավոր հավասարության առկայության և գերազանցության բացակայության դեպքում, բլից-կրիգ Ղարաբաղում, ինչպես դա տեղի ունեցավ Սերբական Կրաինայում, չի լինի։ Նրա խոսքերով, անհրաժեշտ է նաև նկատի ունենալ միջազգային հանրության արձագանքը ռազմական գործողությունների վերսկսման առնչությամբ։ «Ռազմական գործողությունները պետք է սկսել և ավարտել ոչնչով։ Դա հարված կլինի հենց նախաձեռնողներին»,- ընդգծեց Կազիմիրովը։ -0-