ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանում Բրազիլիայի առաջին դեսպան Ռենատե Ստիլլեի գործունեությունը՝ Հայաստանում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ստիլլեին անցած տարիների սերտ համագործակցության համար։
Աբրահամյանը նշել է, որ իր ուրույն ոճով դեսպանը դրեց երկկողմ համագործակցության ամրապնդման համար անհրաժեշտ հիմնաքարը:
ԱԺ նախագահը տեղեկացրել է դեսպանին, որ հայ օրենսդիրները ստեղծել են Հայաստան-Բրազիլիա բարեկամության խումբ և հույս է հայտնել, որ նմանատիպ մի խումբ կստեղծվի նաև բրազիլացի պատգամավորների կողմից:
Միաժամանակ զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրազիլական առևտրանտեսական, մշակութային, սպորտային, երիտասարդական շփումներն աշխուժացնելու հարցերին։
Ամփոփելով զրույցը` Աբրահամյանը հաջողություններ է մաղթել դեսպան Ստիլլեին իր ձեռնարկումներում և հույս է հայտնել, որ նա բարեկամական կապը մեր երկրի հետ կշարունակի դիվանագիտական առաքելությունը Երևանում ավարտելուց հետո ևս:-0-