Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, երեքշաբթի ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանն՝ ընդունելով Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբին:
«Նախարարի տեղակալը դրական գնահատեց ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-Իրան և ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը` նշելով, որ խմբերի փոխայցելությունները աշխուժություն և նոր լիցք են հաղորդում միջխորհրդարանական կապերին»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Խմբի ղեկավար Արսալան Ֆաթհիփուրն իր հերթին ընդգծեց, որ Իրանը շահագրգիռ է հարևան և բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների հետագա զարգացմամբ, և այցի նպատակն է խթանել մի շարք բնագավառներում երկկողմ համագործակցությունը:
Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրներին:
Պատգամավորական խմբի կազմում էին նաև Մեջլիսի հայազգի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանն ու Գևորգ Վարդանը:-0-