ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը երկուշաբթի հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանում British Council հայկական գրասենյակի կողմից իրականցվող EU skills ծրագրի ընթացքը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը ՀՀ վարչապետին է ներկայացրել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող EU skills ծրագիրը, որն ուղղված է եվրոպական ինտեգրման գործընթացում պետական համակարգի աշխատողների և գործիչների հմտությունների բարձրացմանը և փորձի փոխանակմանը։
Ծրագիրը միաժամանակ իրականացվում է Հարավային Կովկասի երեք երկրում` Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում և նպատակ ունի նպաստել Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացմանն ու պարտավորությունների արդյունավետ կատարմանը։
Ըստ դեսպանի, այս ծրագրի մեկնարկի ճիշտ ժամանակն է, որին կհաջորդի կարիքների գնահատումը, ինչի համար ակնկալվում է ՀՀ կառավարության աջակցությունը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել դասընթացներ, որոնք կանցկացնեն Եվրոպայից, այդ թվում Միացյալ Թագավորությունից հրավիրված փորձագետները։
Շահառու կառույցների ներկայացուցիչների հետ նախնական պայմանավորվածության համաձայն` կարևորվում են հատկապես կառավարում, զեկույցների պատրաստում, մոնիտորինգ և գնահատման հմտություններ, ինչպես նաև հասարակայնության հետ կապեր և լրատվամիջոցների կառավարում բնագավառները:
Իր հերթին, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ծրագիրը շատ հետաքրքրիր է, թիրախները լավ են ընտրված։-0-