Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ ներքին համակարգչային ցանց է ստեղծվել Հայաստանի գլխավոր դատախազության և նրա ստորաբաժանումների միջև «Թրաֆիքինգի դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում, UNDP մամուլի ծառայությունից հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։
Ցանցի պաշտոնական բացումը կայացավ երկուշաբթի։
«Էլեկտրոնային կապի ներդրումն այսօր արդեն խիստ անհրաժեշտություն է կազմակերպված հանցավորության, մասնավորապես՝ թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանց հետ առնչվող մյուս հանցագործությունների դեմ մղվող պայքարի արդյունավետության բարձրացման գործում»,- ասաց ՄԱԶԾ ծրագրերի ղեկավար Նարինե Սահակյանը:
Նա նաև հույս հայտնեց, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ստեղծել ստանդարտացված և ներդաշնակ հաղորդակցության համակարգ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ ոստիկանության միջև` արագացնելով փաստաթղթերի շրջանառությունը և նպաստելով դատավարական ժամկետների կրճատմանը:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ցանցի ստեղծումը իրականացվել է «Արմինկո» ՓԲԸ-ի կողմից 2008թ օգոստոս–2009թ մարտ ամիսներին և մաս է կազմում ՄԱԶԾ «ՀՀ գլխավոր դատախազության և նրա ստորաբաժանումների միացումը ՀՀ ոստիկանության տեղեկատվական բազային և ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանումների համար ներքին ցանցի ստեղծում» ծրագրի:
ՄԱԶԾ «Թրաֆիքինգի դեմ պայքարի» ներկայիս ծրագրի նպատակն է նպաստել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային համակարգի հետագա կատարելագործմանը, ինչպես նաև ուղղակի աջակցություն ցուցաբերել թրաֆիքինգից տուժած անձանց:
ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. և աջակցում է ՀՀ կառավարության՝ մինչև 2015թ. զարգացման գերակա ուղղություններին:-0-