Քաղաքական սերնդափոխության ակումբ է ստեղծվել Երևանում

07.05.2009, 19:28
Քաղաքական սերնդափոխության ակումբ է ստեղծվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Քաղաքական սերնդափոխության ակումբ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հինգշաբթի լրագրողներին հայտնեց Ակումբի ստեղծման նախաձեռնության խմբի ղեկավար, նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության առաջնորդ Արշակ Սադոյանը, ակումբի նպատակն է երիտասարդությանը ներգրավել քաղաքական դաշտ, ինչը թույլ կտա ապահովել սահուն սերնդափոխություն։

«Ակումբը զբաղվելու է միջազգային փորձի, աշխարհաքաղաքական զարգացումների, քաղաքական գործընթացների և ինստիտուտների ուսումնասիրությամբ, աջակցելու է ակումբի անդամներին հասարակական-քաղաքական գիտելիքներ ստանալու, համաժողովներ և գիտաժողովներ, քննարկումներ և բանավեճեր անցկացնելու  հարցում։ Բացի այդ ակումբի անդամներն ակտիվորեն կհամագործակցեն ավագ սերնդի քաղաքական գործիչների հետ»,- ասաց նա հինգշաբթի խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

Սադոյանը նշեց, որ ակումբի գործունեության հիմնական սկզբունքը բոլոր մասնակիցների հավասարությունն է, տարվող բոլոր աշխատանքների հարապարակայնությունը, բազմակարծության խրախուսումը, փոխադարձ հարգանքը և աջակցությունը։

Ըստ նրա՝ ակումբում կարող են ընդգրկվել երիտասարդության այն ներկայացուցիչները, ովքեր հետաքրքրված են երկրի հասարակական-քաղաքական կյանքով և իրենց ապագան տեսնում քաղաքականության մեջ, անկախ իրենց քաղաքական հայացքներից և նախասիրություններից՝ կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին միանալ նախաձեռնությանը։

Իր հերթին ՀՀ Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանն ակումբի հիմնադիրներին հղած իր ուղերձում ողջունեց տվյալ նախաձեռնությունը։

«Ես ողջունում եմ ակտիվ և ուղիղ կապ հաստատելու նախաձեռնությունը քաղաքականությամբ զբաղվող մարդկանց միջև։ Դուք ստեղծում եք նոր միավոր՝ հաասարակության ինքնակազմակերպման գործիք։ Այդ առումով Ազգային Ժողովը և նրա նախագահը իրենց հնարավորությունների չափով պատրաստ են աջակցելու նմանատիպ ինքնուրույն միավորների կայացմանը և ջանքեր չխնայել դրա համար»,- ասվում է խոսնակի՝ իր խորհրդական Վիկտոր Մնացականյանի կողմից ընթերցված  ուղերձում։

Ինչպես նշեց խոսնակը, ակումբի՝  քաղաքական փորձը սերնդեսերունդ փոխանցելու հռչակած գաղափարը բարի է և ենթադրում շարժում երկու ուղղությամբ։

«Երիտասարդությունը չպետք է մնա քաղաքական կյանքից դուրս և սպասի ավագ սերնդի որոշումներին, բոլոր քաղաքացիներն ու երիտասարդությունն առաջին հերթին պետք  է ընդգրկված լինեն բոլոր քաղաքական գործընթացներում»,- ասվում է Աբրահամյանի ուղերձում։

Ավելին, խոսնակի խոսքերով, քաղաքական գործիչների ավագ սերունդը պետք է խրախուսի երիտասարդության մուտքը քաղաքականություն։

«Մենք պետք է համատեղ աշխատենք հանուն ապագա քաղաքացու դաստիարակման, ով ձևավորվում  է այսօր, իրար հետ մենք պետք է փնտրենք և գտնենք արդի խնդիրների լուծումներ, միացնենք ավագ սերնդի փորձը երիտասարդության բոցավառության հետ՝ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասվում է ուղերձում։ -0-