ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ

06.05.2009, 19:43
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ:

«Այսօր մենք նշում ենք հայ ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ 20-րդ դարի ականավոր պետական, քաղաքական ու հասարակական գործիչ, պատմաբան ու դիվանագետ Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-րդ տարեդարձը»,- ասված է ուղերձում, որը «Նովոստի-Արմենիա» գործակակությանն են տրամադրել երկրի նախագահի մամուլի ծառայությունից։

Նա Հայաստանում պատրաստված միջազգայնագետների առաջին սերնդից էր, ով ապացուցեց, որ նույնիսկ Խորհրդային Միության կազմում հնարավոր է մշա¬կել ¢ վարել հայաստանակենտրոն և հայակենտրոն արտաքին քաղաքականություն՝ մնալով տվյալ ժամանակի և քաղաքական պահի համատեքստում։ Այսօր արդեն կարելի է որոշակիորեն պնդել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրը գիտականորեն հիմնավորեց և Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ընդգրկելու առաջին հաջողված փորձն արեց հենց Ջոն Կիրակոսյանը։

«Ջոն Կիրակոսյանն իր ժողովրդի զինվորն էր, որ ուներ հրամանատարի պատրաստվածություն ու ռազմավարություն կերտողի հեռատեսություն։ Նա իր ժողովրդի ծառան էր, որն ուներ տիրոջ  գիտակցություն և սրտացավություն։ Նա կայացավ իբրև արտաքին գործերի փայլուն նախարար մի երկրում, որն աշխարհի համար նույնիսկ միջազգային իրավունքի սուբյեկտ չէր։ Իր գործով նա դարձավ Հայաստանի նորագույն պատմության և նրանում ընթացող քաղաքական գործընթացների անքակտելի մաս»,- նշված է ՀՀ նախագահի ուղերձում։

Ըստ նախագահի, նշելով այս հոբելյանը, ոգեկոչելով Ջոն Կիրակոսյանի հիշատակը` «մենք արձանագրում ենք ոչ միայն մեր, այլև սերունդների համար, որ նման նվիրյալներով է ազգը՝ ազգ, երկիրը՝ երկիր»։-0-