Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Համաշխարհային բանկի փորձագետի Սառա Ռեյնոլդսին է ներկայացրել բարեփոխումների կարիք ունեցող օրենսդրական դրույթները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից:
Տիկին Ռեյնոլդսը Հայաստանում է` Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ՏՄՊՊ Հանձնաժողովին օրենսդրական բարեփոխումների առնչությամբ խորհրդատվություն մատուցելու նպատակով: Ողջունելով փորձագետին, Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց օրենսդրական այն դրույթները, որոնք բարեփոխումների կարիք են զգում:
Մասնավորապես, Հանձնաժողովի որոշումների կատարման պարտադիրությունը ուժեղացնող նորմի անհրաժեշտությունը, Հանձնաժողովի որոշումների դեմ դատարաններ ներկայացված բողոքների պրոցեդուրալ խախտումների տեսակետից, այլ ոչ ըստ էության քննությունը, տուգանքների չափի վերաբերյալ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքների հակասությունները (տուգանվող ընկերություններն ու դատարանները համարում են, որ մեծ մասամբ Հանձնաժողովի նշանակած տուգանքները շատ խիստ են) և այլն:
Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախատեսված են նաև փորձագետի հանդիպումները Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունների, կարգավորող մարմինների, դատարանների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ռեյնոլդսը կծանոթանա ՀՀ օրենսդրության նրբություններին, գործերի առնչությամբ տեղեկատվություն կհավաքի Հանձնաժողովի անդամներից ու աշխատակիցներից, այնուհետև կներկայացնի իր փորձագիտական եզրակացություններն ու առաջարկությունները:
«Փորձագետ Սառա Ռեյնոլդսը մրցակցության հարցերով խորհրդատվություն է մատուցել ՌԴ, Ուկրաինայի, Ղազախստանի, Արևելյան Եվրոպայի համանման մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ:-0-