Ամենայն Հայոց Կաթողիկոսը եղբայրական է համարում ռուս և հայ ժողովուրդների հարաբերությունները

05.05.2009, 20:01
Ամենայն Հայոց Կաթողիկոսը եղբայրական է համարում ռուս և հայ ժողովուրդների հարաբերությունները

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը երեքշաբթի ՌԴ նախագահի տիկին Սվետլանա Մեդվեդևայի հետ կայացած հանդիպման ընթացքում եղբայրական անվանեց երկու ժողովուրդների դարավոր կապերն՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվել է սերտ համագործակցություն:

Սվետլանա Մեդվեդևային ուղեցում էր Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

«Նորին Սրբությունը գնահատանքով փաստեց, որ երկու երկրների նախագահների տիկինները համատեղ կրթական ու մշակութային ծրագրերով կարևոր նպաստ են բերում երկու ժողովուրդների ջերմ հարաբերությունների զարգացմանն ու առավել զորացմանը»,-  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։  

Իր հերթին ՌԴ առաջին տիկինն ուրախություն հայտնեց Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի, ինչպես նաև Հայաստանին և հայ ժողովրդի հոգևոր ժառանգությանը ծանոթանալու առիթով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշեցին Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական կապերը և տարբեր ոլորտներում համագործակցությունն ու երկու Հովվապետերի ջերմ հարաբերությունները:

Անդրադարձ կատարվեց նաև ժողովրդի կյանքում Եկեղեցու կարևոր դերակատարությանը և իշխանությունների կողմից այդ առաքելության իրագործման մեջ Եկեղեցուն ցուցաբերվող աջակցությանը: 

Հանդիպման ավարտին Նորին Սրբության ուղեկցությամբ հյուրերը Վեհարանի թանգարանային սրահներում ծանոթացան Հայ Եկեղեցու գանձերի և սրբությունների հետ: Ապա այցելեցին Մայր Տաճար, եղան Տաճարի թանգարանում: -0-