ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանն ի գիտություն ընդունեց Հայ ազգային կոնգրեսի` մայիսի 15-ին Գարեգին Նժդեհի հրապարակում և մայիսի 18-ին Մատենադարանին հարող տարածքում նախընտրական զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին իրազեկումը, տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը։
Մայիսի 31-ին տեղի կունենան Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։
Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:
Իրազեկման համաձայն՝ միջոցառումները Գարեգին Նժդեհի հրապարակում մեկնարկելու են ժամը 17:00-ին` հանրահավաքով և ավարտվելու են երթով` ժամը 22:00-ին:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ապրիլի 28-ին ՀԱԿ-ը Երևանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկումներ՝ մայիսի 13-18-ը նախընտրական զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին, ընդ որում` մայիսի13-ին և 14-ին նախատեսված է նախընտրական զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացում Հյուսիսային պողոտայում, որոնք կսկսվեն ժամը 18։00-ին և կավարտվեն 21։00-ին:
Մայիսի 15-ին նախատեսվում է նախընտրական զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, որն, ըստ իրազեկման, մեկնարկելու է ժամը 17:30-ին` հանրահավաքով և ավարտվելու է երթով` 22:00-ին:
Իրազեկումները քննարկվել են ապրիլի 30-ին Երևանի քաղաքապետարանում` Հայ ազգային կոնգրեսի նախընտրական դաշինքի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի և միջոցառումների կազմակերպիչ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ:
Երևանի քաղաքապետարանն ի գիտություն ընդունեց Հայ ազգային կոնգրեսի` մայիսի 15-ին Մատենադարանին հարող տարածքում և 18-ին Գ.Նժդեհի հրապարակում նախընտրական զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը, սակայն արգելեց երթի անցկացումը Մատենադարանից, ինչպես նաև միջոցառումների անցկացումը Հյուսիսային պողոտայում մայիսի 13-18-ը՝ առաջարկելով հրապարակային միջոցառումներն անցկացնել «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ -0-