Հայաստանի նախագահը հպարտ է իր կոմերիտական անցյալով

04.05.2009, 14:20
Հայաստանի նախագահը հպարտ է իր կոմերիտական անցյալով

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի երիտասարդ քաղաքական գործիչների ոչ պաշտոնական հավաքի մասնակիցներին հայտարարեց, որ հպարտ է իր կոմերիտական անցյալով։

«Ես գլխավորել եմ Ստեփանակերտի կոմերիտական կազմակերպությունն ու հպարտ եմ դրանով, քանի որ դա շատ մեծ կյանքի դպրոց է, որը հետո օգնեց ինձ ճիշտ կողմնորոշվել 1988 թ.-ին, երբ սկսվեց ԼՂՀ ինքնորոշման համար պայքարի հերթական փուլը»,- ասաց նախագահը։   

Նախագահն ավելացրեց, որ իր քաղաքական ու պետական գործունեության ընթացում մեծ փորձ է ձեռք բերել երիտասարդության հարցերում։ Սարգսյանը կատակեց, որ անգամ երբ ղեկավարել է Պաշտպանության նախարարությունը, ապա դարձյալ գործ է ունեցել երիտասարդության հետ, քանի որ զինծառայողների մեծ մասը երիտասարդներ են։ «Մեզ մոտ Հայաստանում կատակում են, որ ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը բանակն է»,- նշեց նա։   

Նախագահի խոսքերով՝ ինքը հարգում ու գնահատում է երիտասարդությանը թարմ գաղափարների ու այդ գաղափարներն իրականացնելու էներգիայի համար։ Սարգսյանը նշեց, որ երիտասարդության շատ ներկայացուցիչներ աշխատում են կառավարությունում ու նախագահի աշխատակազմում, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ են։

Եվրոպայի երիտասարդ քաղաքական գործիչների ոչ պաշտոնական հավաքը կազմակերպվել է ՄԻԱԿ կուսակցության կողմից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ։

Հավաքին մասնակցել են շուրջ 30 երիտասարդ քաղաքական գործիչներ 12 եվրոպական երկրներից և շուրջ 20 մարդ Հայաստանից։ Հանդիպման նպատակը երիտասարդ քաղաքական գործիչներին միջազգային հարաբերությունների, քաղաքական, տնտեսական ու այլ հարցերի շուրջ ոչ պաշտոնական ձևաչափում քննարկումներ անցկացնելու հնարավորություն տալն է։ 

Ոչ պաշտոնական հավաքի ժամանակ մասնակիցները հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի և այլ բարձրաստիճան անձանց հետ։

Երիտասարդների ոչ պաշտոնական հավաքը Ծաղկաձորում անցկացվել է մայիսի 1-3-ը։ Դրան մասնակցել են երիտասարդ քաղաքական գործիչներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Բելգիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Դանիայից, Հունգարիայից և Ղազախստանից։ -0-