Իրանից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման ուղի է կասեցվել

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բացահայտել և կասեցրել են Իրանից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման ուղի, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնենցին ԱԱԾ մամուլի ծառայությունից:
«ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է ԻԻՀ-ից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման ուղի»,- նշեցին մամուլի ծառայությունում:
Մասնավորապես, մայիսի 8-ին, իրականացնելով օպերատիվ տվյալները, ԻԻՀ-ից Հայաստան մուտքի ընթացքում կանգնեցվել և զննման է ենթարկվել 1962թ. Վրաստանի Մառնեուլի շրջանում ծնված Հովիկ Խալաթյանին պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Բեռնատարի վարորդի նստատեղի տակ հարմարեցված գաղտնարանից և խցիկի ջեռուցիչի միջից հայտնաբերվել ու առգրավվել է 2 կգ 330գր ափիոն տեսակի թմրանյութ ու 35 գր հաշիշ:
Հովիկ Խալաթյանը ձերբակալված է: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը և տվյալ ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:-0-