Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն ավելի խոցելի են դարձել ՀՀ առաջին նախագահի մեղքով. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայիս առավել խոցելի դրության մեջ մեղքի իր բաժինն ունի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, կարծում է իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը։
«Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը բերեց նրան, որ հասարակության և իշխանամետ ու ընդդիմադիր քաղաքական գործիչների միջև ճեղքվածք առաջացավ։ Դրան հաջորդող իրադարձությունները ստիպեցին, որպեսզի ԵԽԽՎ-ն մի շարք պահանջներ ներկայացնի, որոնք հիացմունքով ընդունվեցին բողոքող ընդդիմության կողմից, սակայն հետո նրանք հասկացան, որ դրանք կարող են պատժամիջոցների վերածվել Հայաստանի դեմ»,- ասաց նա կիրակի խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։
ԵԽԽՎ ապրիլի նստաշրժանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանի առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկվելը։ ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների, որոնց հետևանքով եղան զոհեր և զանգվածային ձերբակալություններ։ Իսկ Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց։
Նիկոյանի խոսքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը երկխոսությունն է, սակայն անհրաժեշտ է հստակություն մտցնել՝ որ կողմերի միջև այն պետք է ընթանա։ Ինչպես ընդգծեց պատգամավորը, եթե երկխոսությունը պետք է ընթանա իշխանությունների և ընդդիմության միջև, ապա դժվարություն է առաջանում, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունում իշխանությունների օրինականությունը։
«Տեր-Պետրոսյանը կարծում է, որ իշխանությունները ոչ թե օրինական են, այլ Հայաստանի քաղաքական իրականությունը, բայց դա ճիշտ չէ, քանի որ փակում է բանակցությունների դուռը։ Ավելի ճիշտ կլիներ քաղաքական իրականություն համարել հենց Տեր-Պետրոսյանին և բանակցությունները վարել նրա հետ։ Նա պետք է ընդունի իշխանությունների օրինականությունը։--0—