ՀՀ խորհրդարանը երեքշաբթի կսկսի կառավարության ծրագրի քննարկումը

ՀՀ խորհրդարանը երեքշաբթի կսկսի կառավարության 2008-2012 թթ. ծրագրի քննարկումը, երկուշաբթի տեղեկացրեց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։
Ինչպես երկուշաբթի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ տեղեկացրեց Թորոսյանը, կառավարության գործունեության ծրագիրը կքննարկվի օրվա երկրորդ կեսին։
Նրա խոսքերով, փաստաթուղթն արդեն բաժանվել է բոլոր խմբակցություններին և պատգամավորներին՝ ծանոթանալու համար։ Բացի այդ, կառավարության ծրագիրը ներկայացված է գործադիր մարմնի պաշտոնական կայքում։
Սահմանադրության համաձայն, ԱԺ-ի կողմից կառավարության ծրագրի հավանության հարցը քննարկվում է արտահերթ և դրվում է քվեարկության՝ այն ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում։ Կառավարության ծրագրի հավանության մասին որոշումն ընդունվում է պատգամավորների ձայների մեծամասնությամբ։
Երկուշաբթի ՀՀ կառավարությունը, արտահերթ նիստի ժամանակ, հաստատել է սեփական ծրագրի նախագիծը։ Փաստաթղթի համաձայն, կառավարությունը 2008-2012 թթ. ընթացքում ակնկալում է համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ։ Նախատեսվում է նաև ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ և տարածքային տնտեսական անհամամասնությունների էական նվազեցում։
Նախատեսվում է նաև աղքատության էական հաղթահարում՝ արդյունքում ապահովելով 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության և 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ։
Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները և ներառում է ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև քաղաքական կոալիցիայի համաձայնագրի դրույթները:-0-