Ստեփանակերտում տեղի է ունենում Ղարաբաղ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտում ուրբաթ տեղի է ունենում Ղարաբաղ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիային» թղթակիցը Ստեփանակերտից, նիստին մասնակցելու նպատակով նախօրեին Ստեփանակերտ է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ղեկավարած պատվիրակությունը։
Պատվիրակության կազմում են պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը («Ժառանգություն» խմբակցություն), Արտաշես Ավոյանը («Օրինաց երկիր» խմբակցություն), Լիլիթ Գալստյանը («ՀՅԴ խմբակցություն), Արեգ Ղուկասյանը և Էռնեստ Սողոմոնյանը (ՀՀԿ խմբակցություն)։
Նիստի օրակարգում ընդգրկված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԼՂՀ օրենսդրությունը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու և երկքաղաքացիության մասին նորմերի ընդունման հետ կապված հարցերը։
Նիստի արդյունքները կներկայացվեն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ Հայաստանի և ԼՂՀ ԱԺ խոսնակների համատեղ ճեպազրույցի ընթացքում։
Այցի շրջանակներում նախօրեին տեղի ունեցավ ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հանդիպումը ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ։ Նախատեսված են նաև Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հանդիպումները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ։
Հայաստանի և ԼՂՀ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2006թ. Երևանում։ Հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը և ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։--0—