Հայաստանը պետք է խստացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոտեցումները. նախագահ

04.04.2008, 17:09
Հայաստանը պետք է խստացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոտեցումները. նախագահ
Հայաստանը պետք է խստացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոտեցումները. նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է խստացնի մոտեցումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը չի խստացրել իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում, և հարցը մնում է Հայաստանի ետևում։

Ինչպես նշեց նախագահը, վերջին ժամանակներս ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը փորձել է օգտվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակից՝ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վրա ազդելու համար։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ և վիրավորվել 265 մարդ։

«Ադրբեջանի նման մոտեցումները պետք է հայկական կողմին ստիպեն ավելի վճռական լինել սկզբունքային հարցերում և, բնականաբար, այդ մոտեցումներում խոսք անգամ չի կարող լինել փոփոխությունների կամ փոխզիջումների մասին»,- ասաց Քոչարյանը։

Ինչպես կարծում է նախագահը, հակառակը, նման դեպքերում անհրաժեշտ է պատասխանել «միայն ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի դիրքերի հարցում մոտեցումները խստացնելու ճանապարհով»։

«Բնականաբար, Ադրբեջանը կփորձի օգտվել նման իրավիճակից։ Մենք, մեր հերթին, պետք է գիտակցենք, որ Հայաստանում կայունությունը և զարգացման տեմպերը լավագույն երաշխիքն են այն հանգամանքի, որ ղարաբաղյան հարցում մենք ունենանք ամուր դիրքեր»,- ասաց Քոչարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-