Նոր իշխող կոալիցիայի ստեղծման նպատակը ազդեցիկ ուժերի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների ճանաչումն է. ԼՂՀ ԱԳ նախկին նախարար

02.04.2008, 17:30
Նոր իշխող կոալիցիայի ստեղծման նպատակը ազդեցիկ ուժերի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների ճանաչումն է. ԼՂՀ ԱԳ նախկին նախարար

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նոր իշխող կոալիցիան ստեղծվել է ցույց տալու համար, որ ազդեցիկ քաղաքական ուժերն ընդունում են ընտրությունների արդյունքները, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

«Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների ճանաչումը միակ իրական պայմանավորվածությունն է՝ ամրապնդված կոալիցիա ստեղծելու մասին փաստաթղթում»,- ընդգծեց Մելիքյանը՝ նշելով, որ կոալիցիան ստեղծվել է որպես հակակշիռ՝ հիմնական ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։

Մելիքյանը նշեց, որ հայ հասարակության շրջանում լարվածությունը թուլացնել կարող են միայն իշխանությունների և ընդդիմության միջը բանակցությունները։

«Մենք պետք է սովորենք քննարկել հասարակության շահերը, այլ ոչ թե առանձին անհատների։ Մեզ անհրաժեշտ է սովորել հիմնախնդիրները լուծել երկխոսության ճանապարհով՝ միաժամանակ հրաժարվելով անձնական հավակնություններից»,- ասաց Մելիքյանը։

ԼՂՀ նախկին ԱԳ նախարարը կարծիք հայտնեց, որ ընդդիմության և հայ հասարակության իշխանամետ հատվածի միջև առճակատման շարունակությունը լի է նոր սպառնալիքներով։

«Կողմերի միջև բանակցությունների բացակայությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար, և մենք նման իրավիճակի հետևանքները գուցե շատ շուտով զգանք»,- ընդգծեց նա։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։

Մարտի 21-ին Հայաստանում ձևավորվել է նոր իշխող կոալիցիա, որի մեջ մտել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և ՀՅԴ կուսակցությունները։--0—