ՄԱԿ-ը կքննարկի ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակը

14.03.2008, 11:38
ՄԱԿ-ը կքննարկի ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակը
ՄԱԿ-ը կքննարկի ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակը

Ուրբաթ ՄԱԿ-ը կքննարկի ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակը՝ Բաքուն մտցրել է Գլխավոր Ասամբլեայի բանաձևի նախագիծը, որում խնդրում է հաստատել իր տարածքային սահմանները և Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։

«Գլխավոր Ասամբլեան կրկին հայտարարում է, որ ոչ մի պետություն չպետք է օրինական համարի Ադրբեջանական Հանրապետության տարածքների զավթման արդյունքում ստեղծված իրավիճակը և չպետք է աջակցի կամ սատարի այդ իրավիճակի պահպանմանը», - ասվում է փաստաթղթի նախագծում, որը կդրվի քվեարկության, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դրանում ընդգծվում է «Ադրբեջանական Հանրապետության բոլոր զավթած տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, ամբողջական և անվերապահ դուրսբերման» անհրաժեշտությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

«Ադրբեջանական Հանրապետության Լեռնային ղարաբաղի շրջանում և նրա շուրջ ընթացող ռազմական հակամարտությունը շարունակում է վտանգ ստեղծել  միջազգային խաղաղությանը և անվտանգությանը», - ասվում է բանաձևի նախագծում։

Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտության հետևանքով զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։ 1994 թ.-ի մայիսի 12-ից՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

1992 թ.-ից ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-