Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները շնորհավորել են Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհավորել են Սերժ Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները` Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր երկրներն ու ժողովուրդները այսուհետ ևս կշարունակեն ամրապնդել բարեկամության, գործընկերության կապերն ու ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը: Թույլ տվեք ցանկանալ Ձեզ առողջություն և հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում` ի բարօրություն Հայաստանի ժողովրդի», - ասվում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի շնորհավորական ուղերձում։
«Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ։ Ամբողջ հոգով ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ պետական այդ բարձր պաշտոնում` հանուն բարեկամ Հայաստանի զարգացման ու բարգավաճման», - նշվում է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում։
ԿԸՀ վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։-0-