Սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի երիտասարդ աստղագետների երկրորդ միջազգային դպրոցը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Բյուրականի աստղադիտարանում 2008թ. սեպտեմբերի 22-30-ը կանցկացվի երիտասարդ աստղագետների երկրորդ միջազգային դպրոցը։ Այս մասին երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։
«Մեր երկրում երիտասարդական աստղագիտական դպրոցի անցկացումը նպատակ ունի վերականգնել Բյուրականի աստղադիտարանի երբեմնի միջազգային համբավը»,- ասաց Հարությունյանը։ Նրա խոսքերով, 2006 թվականին, առաջին համանման միջոցառման ժամանակ, որոշում էր ընդունվել այն ավանդական դարձնելու մասին։
Աստղադիտարանի տնօրենն ավելացրեց, որ աստղագիտության բնագավառում տարբեր թեմաների շուրջ սեմինարներ և դասախոսություններ անցկացնելու համար հրավիրվել են համաշխարհային մակարդակի աստղագետներ։ «Բյուրականի աստղադիտարանը երիտասարդ աստղագետներ պատրաստելու կենտրոններից մեկն է»- ընդգծեց նա։
Հարությունյանը տեղեկացրեց, որ միջազգային երկրներից արդեն ստացվում են մասնակցության հայտեր։ «2006թ. դպրոցին մասնակցել են մասնագետներ Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Հայաստանից»,- հիշեցրեց նա։
2006 թվականին Երիտասարդ աստղագետների առաջին միջազգային դպրոցին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած 40 ուսանողներ։
Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. Արագած լեռան վրա։ Հայկական աստղագիտության բարգավաճման նշանակալի փուլը կապված է հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան հետ։ Բյուրականում անցկացվող գիտական ուսումասիրությունները համաշխարհային ճանաչում են ստացել, դրանց հիման վրա ստեղծվել են աստղաֆիզիկայի նոր ուղղություններ։--0--