Ստեփանակերտում տեղի են ունեցել տեղեկատվական ապահովման խնդիրների վերաբերյալ քննարկումներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտում տեղի է ունեցել «Տեղեկատվական ապահովումը՝ որպես ժողովրդավարության սկզբունքների կայացման մեխանիզմ» թեմայով բանավեճ, որն իրականացրել է Ղարաբաղի «Հարմոնիա» ոչ կառավարական կազմակերպությունը՝ «Ժողովրդավարացում» նախագծի շրջանակներում՝ International Alert-ի ֆինանսական աջակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, «Հարմոնիա» կազմակերպության ղեկավար Ջուլիետա Առուստամյանը հայտարարել է, որ նախագծի նպատակը երիտասարդության ստեղծագործական ներուժի բացահայտումն է, նրանց քաղաքացիական ակտիվության խթանումը, ժողովրդավարական սկզբունքներին հաղորդակից դարձնելը և հակամարտության ընկալման փոփոխությունը։
«Նախագծի արդյունքներով կընտրվեն դրա առավել ակտիվ մասնակիցները, որոնք դասընթացներ անցնելուց հետո կհանդիպեն Ադրբեջանի երիտասարդների հետ, որտեղ ևս իրականացվում է նմանատիպ նախագիծ», - նշել է Առուստամյանը։
Բանավեճին, որպես հատուկ հյուր, հրավիրվել էին լրագրողներ Կարինե Օհանյանը («Դեմո» հասարակական թերթ) և Նաիրա Հայրումյանը (Кarabakh-open էլեկտրոնային հրատարակություն), որոնց մասնակցությունն առավել աշխաժություն էր հաղորդում բանավեճին։
Միջոցառման մասնակիցները, մասնավորապես, երիտասարդներն իրենց կարծիքն են հայտնել տեղեկատվական ապահովման և խոսքի ազատության խնդրի տարբեր կողմերի վերաբերյալ։ Մասնավորապես, նշվել է այլընտրանքային հրատարակությունների առկայության անհրաժեշտությունը, որոնք թույլ կտային հասարակությանը օբյեկտիվ և ամբողջական պատկերացում կազմել այս կամ այն իրադարձությունների և գործընթացների վերաբերյալ։
«Ժողովրդավարացում» նախագիծն իրականացվելու է 3 ամիսների ընթացքում։ Ծրագրվում են նաև բանավեճեր այնպիսի թեմաներով, ինչպիսիք են՝ «Սեփական իրավունքների մասին իրազեկ լինելը՝ որպես ժողովրդավարացման հնարավորություն» և «Հասարակության ժողովրդավարացումը և հակամարտության փոփոխության հնարավորությունները»։
Ներկայումս Ղարաբաղի «Հարմոնիա» կազմակերպությունը միավորում է ավելի քան 30 կանանց։ Կազմակերպության նպատակներն են՝ խաղաղության համար պայքարը, Արցախի կանանց հոգևոր և մասնագիտական մակարդակի բարձրացումը, հանրապետության հասարակական կյանքին նրանց ներգրավելը։
Կազմակերպությունը փորձում է նաև իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ։ Մասնավորապես, «Հարմոնիան» իրականացնում է «վստահության կամուրջների» կազմակերպմանը, թշնամու կերպարի չեզոքացմանը, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանն ուղղված նախագծեր։-0-