Հայաստանի նախագահի թեկնածուները ընտրությունների միջոցով անձնական հարցերն են լուծում.ՀԱԺՄ ղեկավար

22.01.2008, 18:10
Հայաստանի նախագահի թեկնածուները  ընտրությունների միջոցով անձնական հարցերն են լուծում.ՀԱԺՄ ղեկավար

Հայաստանի նախագահի թեկնածուներն  ընտրությունների միջոցով անձնական հարցերն են լուծում։ Այս կարծիքը երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց «Հայաստանի ազատական-ժողովրդավարական միության» ղեկավար, նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը։

Նա նշեց, որ յուրաքանչյուր թեկնածու իր առջև իրատեսական խնդիրներ է դնում, բացառությամբ բուն հաղթանակի հնարավորության։ «Այս հարցում նրանք մտածում են «մեկ էլ տեսար բախտներս բերի»»,-ասաց նա։

Նրա խոսքերով, Հայաստանի գործող վարչապետ Սերժ Սարգսյանն իր առջև դնում է Հայաստանում արձանագրված զարգացման ուղու շարունակման խնդիրը։

«Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անցյալի ծանր բեռն իր վրայից գցելու ճիշտ միջոց է ընտրել։ Դա դժվար խնդիր է, և դրա համար, իհարկե, բավարար չէ պարզապես մեկ անգամ ժողովրդից ներողություն խնդրելը»,-ասաց Ավագյանը։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, պարոն Ավագյանի կարծիքով, պետք է հիմա հայ ժողովրդին ցույց տա կուսակցության վերջին տարիների ձեռքբերումները։

«Դաշնակցություն կուսակցությունը չի մասնակցել Հայաստանի նախագահական ընտրություններին 1991թ.-ից, և հիմա նրա առջև խնդիր է դրված ցույց տալ, թե ինչ ճանապարհ է անցել ՀՅԴ-ն այս ընթացքում»,-ասաց Ավագյանը։

«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, Ավագյանի կարծիքով, պետք է ապացուցի, որ հաղթահարել է բոլոր դժվարությունները, որոնց միջով կուսակցությունը ստիպված էր անցնել վերջին ժամանակներում։

«Բաղդասարյանը երկրում երկրորդ անձն էր, բայց անցավ ընդդիմություն, ինչը կուսակցության մեջ հուզումներ առաջացրեց։ Ինչ-որ չափով նրանց հաջողվեց կարգավորել իրավիճակը 2007թ. խորհրդարանական ընտրություններին հաջող մասնակցությամբ։ Հիմա Բաղդասարյանի առջև կանգնած է կուսակցության միավորման խնդիրը»,-ասաց ՀԱԺՄ ղեկավարը։

Խոսելով «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի մասին՝ նա նշեց, որ ընտրությունները Գեղամյանի համար լուրջ փորձություն են լինելու, և ցույց են տալու, թե կկարողանա՞ արդյոք նա միավորել իր թիմը չլինելով պատգամավոր։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։–0-