2007 թ.-ի արդյունքներով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 65 տոկոսով. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.2007 թ.-ի արդյունքներով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 65 տոկոսով։ Այս մասին ասվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած ՀՀ ԱԳՆ-ի 2007 թ.-ի գործունեության արդյունքների հաշվետվության մեջ։
«Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն ապրանքատնտեսական գործընկերներից մեկն է։ 2007 թ.-ին երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 65 տոկոսով», - ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության տեղեկատվության մեջ։
Ընդ որում 2007 թ.-ի 9 ամիսների արդյունքներով՝ Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում արված ռուսական ներդրումների ծավալը, 2006 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ավելի քան 5 անգամ։
ՀՀ վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ 2007 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 68,2 տոկոսով և կազմել է 632,1 մլն. դոլար։ Միաժամանակ, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 183,6 մլն. դոլար (Հայաստանից կատարվող ողջ արտահանման 17,3 տոկոսը)՝ 2006 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ ավելանալով 74 տոկոսով։
Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը կազմել է 448,5 մլն. դոլար՝ ավելանալով 65,9 տոկոսով։
Միաժամանակ, ընդհանուր առմամբ ՌԴ տարածքից կատարվող ներկրումը կազմել է 499,4 մլն. դոլար (56,6 տոկոս աճ) կամ ներկրման ընդհանուր ծավալի 17,4 տոկոսը։
Ինչպես վկայում են վիճակագրության տվյալները՝ 2007 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ՌԴ-ին բաժին է հասել Հայաստանի ողջ արտաքին ապրանքաշրջանառության 16,1 տոկոսը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է՝ Հայաստանի այլ առևտրային գործընկեր-երկրների համեմատ։
2007 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից դեպի Հայաստան կատարվող ներդրումների ծավալը կազմել է 175905 հազ. դոլար, որոնցից ուղիղ ներդրումները՝101569,9 հազ. դոլար։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ սա կազմում է Հայաստանի իրական հատված կատարվող արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալի 37,4 տոկոսը և ուղիղ ներդրումների 32,6 տոկոսը։ 2006 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ՝ Ռուսաստանից արվող ներդրումները աճել են 5,1անգամ, ուղիղ ներդրումները՝ 63,2 անգամ։
2007 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներդրումների միասնական ծավալով, ինչպես նաև Հայաստան արվող ուղիղ ներդրումների մեծությամբ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը։-0-