2008 թ.-ին ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի 58,5 մլն. դոլարի ֆինանսական օգնություն

28.12.2007, 14:52
2008 թ.-ին ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի 58,5 մլն. դոլարի ֆինանսական օգնություն
2008 թ.-ին ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի 58,5 մլն. դոլարի ֆինանսական օգնություն

2008 ֆիսկալ տարում ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի 58,5 մլն. դոլարի ֆինանսական օգնություն։ Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից (Armenian National Committee of America - ANCA), նախօրեին համապատասխան օրինագիծ է ստորագրել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը։

ANCA-ի տեղեկատվության համաձայն՝ 2008 թ.-ին Հայաստանին ԱՄՆ Կոնգրեսի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը 17,5 մլն. դոլարով ավելի քիչ է, քան 2007 թ.-ին, սակայն ավելի շատ է նախագահ Բուշի աշխատակազմի պահանջից, որը կազմում էր 35 մլն. դոլար։

 Միաժամանակ օրինագիծը պահպանում է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարությունը՝ 3-ական մլն. դոլար յուրաքանչյուր երկրին, իսկ Լեռնային Ղարաբաղին կտարամադրվի 3 մլն. դոլար։

Այս առնչությամբ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Հմփարյանը անհանգստություն է հայտնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ֆինանսական օգնության ընդհանուր ծավալի կրճատման կապակցությամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման շարունակության, ինչպես նաև հայերի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին Բաքվի հայտարարությունների լույսի ներքո։

 Նա նաև շնորհակալություն է հայտնել ամերիկյան օրենսդիրներին, որոնց շնորհիվ հաջողվել է Կոնգրեսի հաստատմանը ներկայացնել ֆինանսական օգնության ավելի բարձր թվեր, քան նախագահի պահանջն էր, ինչպես նաև աջակցել կողմերի հավասարությանը՝ Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնության հարցում»։

2007 թ.-ի դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը և Սենատը համաձայնեցրել են 2008 ֆիսկալ տարվա համար Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության ծավալը։ Օրինագծի համաձայն, Հայաստանին կհատկացվի 58,5 միլիոն դոլարի, իսկ Լեռնային Ղարաբաղին՝ 3 միլիոն դոլարի չափով օգնություն։

Բացի դրանից, սույն օրինագիծը նախատեսում է 50,5 միլիոն դոլար տրամադրել Վրաստանին և 19 միլիոն դոլար՝ Ադրբեջանին։-0-