Ամերիկյան կողմը ողջունում է Հայաստանի վարչապետի դրական մոտեցումը exit poll-ի անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ամերիկյան կողմը ողջունում է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի դրական վերաբերմունքը նախագահական ընտրություններում ընտրատեղամասերից դուրս եկող քաղաքացիների հարցմանը (exit poll)։ Այս մասին լրագրողներին երկուշաբթի Երևանում հայտնեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը։
«Մենք գոհունակությամբ ընդունեցինք Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի դրական վերաբերմունքը և հուսով ենք, որ կընդունվի վերջնական որոշում»,-ասաց նա՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ այս հարցումը Հայաստանում կանցկացնի ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը։
Փենինգտոնի խոսքերով, exit poll-ը օրինաչափություն է դարձել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև շատ արևմտյան երկրներում։
«Exit poll-երի արդյունքները նպաստում են բնակչության վստահության աճին՝ ընտրությունների արդար անցկացման նկատմամբ, ինչպես նաև ապահովում են ընտրողների տվյալների հավաքագրումը, նրանց մասնակցության նպատակների և առաջնահերթությունների վերաբերյալ և թույլ են տալիս ավելի լիարժեք պատկերացում կազմել երկրում առկա ժողովրդագրական իրավիճակի մասին»,-պարզաբանեց նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Փենինգտոնը վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հնարավոր է՝ exit poll անցկացնի Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք տեղի են ունենալու 2008թ. փետրվարի 19-ին։
Վարչապետը ողջունել է այդ առաջարկը՝ հայտարարելով, որ դա բավականին լավ միջոց է ընտրողների տրամադրությունները պարզելու և քվեարկության արդյունքների հայտարարումից հետո ավելորդ շահարկումներից խուսափելու համար։
Նրա խոսքերով, եթե անգամ նման միջոցառում չիրականացներ IRI –ն, հայկական կողմը, միևնույն է, կհրավիրեր համանման մասնագիտացված կազմակերպություն՝ ընտրությունների օրն աշխատելու և exit poll-ի արդյունքները հասարակությանը ներկայացնելու համար։--0--