ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանի ոստիկանությանն է փոխանցել 818 հազ. դոլար արժողությամբ համակարգչային սարքավորումներ
ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանի ոստիկանությանն է փոխանցել 818 հազ. դոլար արժողությամբ համակարգչային սարքավորումներ։ Սարքավորումների փոխանցման մասին փաստաթուղթը ստորագրել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը և Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը։
Ինչպես ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Փենինգթոնը, նշված գումարով Հայաստանի ոստկանությանը տրամադրվել են ժամանակակից համակարգիչներ և աքսեսուարներ, ցուցաբերվել է ծրագրային աջակցություն և կադրերի վերապատրաստում։
«Անհրաժեշտ է, որպեսզի ոստիկանությունը ունենա ժամանակակից տեխնոլոգիաներ, քանի որ ժամանակի հետ հանցագործները դառնում են ավելի խելացի և խորամանկ», - ասաց նա։
Փենինգթոնի խոսքերով, տեխնոլոգիաների ներմուծմամբ Հայաստանում ստեղծվել է միասնական ցանց, որը միավորում է ոստիկանության 26 տեղեկատվական բազաներ ողջ երկրով մեկ։
«Եթե հանրապետության որևէ մարզի բազա ներմուծվի նոր տեղեկատվություն, ապա այն մատչելի կլինի ողջ երկրի ոստիկանության բոլոր ստորաբաժանումների համար։ Նոր համակարգը հնարավորություն է տալիս նաև իրական ժամանակում կապ հաստատել Ինտերպոլի հետ», - տեղեկացրեց ամերիկացի դիվանագետը։
Նա տեղեկացրեց, որ ծրագրի մեթոդոդաբանությունը մշակել են ամերիկյան կողմից Advanced Engineering Associates International ընկերությունը, իսկ հայկական կողմից՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը։
«Այս ծրագիրը Հայաստանի իրավապահ մարմիններին ԱՄՆ համալիր աջակցության միայն մի մասն է։ Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ն այս բնագավառին հատկացնում է 3 միլիոն դոլարի աջակցություն», - նշեց Փենինգթոնը։
Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանն իր հերթին նշեց, որ իրականացված ծրագիրը հայ-ամերիկյան համատեղ նախագծերից ամենախոշորներից մեկն է։
Նրա խոսքերով, Հայաստանի ոստիկանության համակարգում գործում են ավելի քան 20 տարբեր բազաներ, որոնք իրականացնում են տարբեր գործառույթներ։
«Մինչ համակարգի ներմուծումը մենք ունեինք երկու խնդիր՝ միասնական ռեժիմում տվյալների բազաների աշխատանքի ապահովումը և տարածքային կառույցների կողմից դրանց հասանելիությունը։ Միասնական ցանցի ստեղծմամբ այս խնդիրները ամբողջովին լուծվեցին», - ասաց Մահտեսյանը։-0-