Հայաստանի նախագահական ընտրություններում ԱԺԿ-ն կաջակցի Վազգեն Մանուկյանի թեկնածությանը
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահական ընտրություններում Հայաստանի Ազգային ժողովրդավարական կուսակցությունը կաջակցի Ազգային ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանի թեկնածությանը։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺԿ առաջնորդ Շավարշ Քոչարյանը։
«Վազգեն Մանուկյանը միակ թեկնածուն է, որը միշտ ընդդիմադիր հայացքներ է ունեցել և հանդես է եկել ոչ թե կոնկրետ անհատների, այլ երկրում ստեղծված համակարգի դեմ»,-ասաց Քոչարյանը։
Նրա խոսքերով, միայն Մանուկյանի շուրջ ընդդիմության միավորումը կարող է մրցակցել ընտրությունների կանխորոշված սցենարին, ըստ որի իշխանամետ թեկնածուն կարող է հաղթել արդեն առաջին փուլում։
«Մանուկյանը կարող է դիմակայել մյուս թեկնածուներին՝ իր գաղափարախոսությամբ, ծրագրով, հարուստ կենսագրությամբ։ Եթե այս միավորումը չկարողանա ժողովրդին հասցնել իր ձայնը, ապա ընտրությունների արդյունքները կարելի է կանխորոշված համարել»,-կարծում է Քոչարյանը։
Նա ընգծեց, որ երկրում առկա գործընթացը տանում է մեծամասնության ներկայացուցչի անխուսափելի հաղթանակին և «ընդդիմանալու միակ ձևը Մանկուկյանի շուրջ համախմբվելն է»։
Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։
Իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ --0—