ՀՀԿ-ն հայկական կուսակցությունների խոշորացման գործընթացը դրական երևույթ է համարում

30.11.2007, 15:39
ՀՀԿ-ն հայկական կուսակցությունների խոշորացման գործընթացը դրական երևույթ է համարում

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սկսվել է կուսակցությունների խոշորացման դրական գործընթացը։ Այս մասին ուրբաթ Ազգային մամուլի ակումբում հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը «Ժողովրդավարական ինստիտուտների դերը և դրանց ազդեցությունը նախագահական ընտրությունների վրա» թեմայով քննարկումների ժամանակ։

«Ողջ աշխարհում առկա է կուսակցությունների խոշորացման միտումը, ինչն այժմ տեղի է ունենում նաև Հայաստանում։ Կարծում եմ՝ այդ գործընթացը մեզ համար շատ կարևոր և օգտակար է»,-ասաց Նիկոյանը։

Նրա խոսքերով, նման գաղափարախոսություններով կուսակցությունների միավորումը թույլ կտա դրանց ավելի ծանրակշիռ դառնալ, իսկ ընտրությունների նկատմամբ հասարակության և կուսակցությունների վերաբերմունքն ավելի լուրջ կդարձնի։

«Կարևոր է ոչ թե կուսակցությունների թվի աճը, այլ խոշորացումը, ինչի ականատեսն ենք այսօր, մասնավորապես «Դաշինք» և «Ռամկավար Ազատական» կուսակցություների օրինակի վրա»,-ասաց Նիկոյանը։

«Դաշինք» կուսակցության համագումարում նոյեմբերի 21-ին որոշում ընդունվեց «Դաշինք» կուսակցության՝ Ռամկավար Ազատականին միանալու վերաբերյալ՝ վերակազմավորման ճանապարհով։

 «Դաշինք» կուսակցությունը հիմնվել էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կողմից 2005թ. նոյեմբերին։ Կուսակցության գործունեության նպատակն է՝ ժողովրդավարական, իրավական, սոցիալական և հզոր հանրապետության ստեղծումը։

Ռամկավար Ազատական կուսակցությունը ստեղծվել է 1921թ.-ին և ՀՅԴ ու «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ միասին համարվում է հայկական երեք ավանդական կուսակցություններից մեկը։--0—