Երևանում մեկնարկել է երիտասարդ հայ արվեստաբանների գիտական համաժողովը

09.11.2007, 10:53
Երևանում մեկնարկել է  երիտասարդ հայ արվեստաբանների գիտական համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Երիտասարդ հայ արվեստաբանների երկրորդ գիտական համաժողովը մեկնարկել է հինգշաբթի Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտում։

Ինչպես երկօրյա համաժողովի բացման ժամանակ հայտարարեց Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը, միջոցառման շրջանակներում երիտասարդ արվեստաբանները կներկայացնեն տարբեր թեմաներով իրենց գիտական աշխատությունները։

«Համաժողովի ընթացքում կանցկացվեն քննարկումներ, որոնք թույլ կտան ստանալ կարևոր տեղեկատվություն, նյութեր հավաքել մի շարք թեմաներով, ինչպես նաև գտնել հայկական արվեստի տարբեր ճյուղերի ընդհանրությունները»,-հավելեց նա։

Աղասյանի կարծիքով, նման միջոցառումները նպաստում են երիտասարդ կադրերի ակտիվացմանը, նրանց ներգրավմանը արվեստների աշխարհ, ինչպես նաև գիտական մտքի զարգացմանը։

Իր հերթին Հայաստանի ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժնի քարտուղար, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը մատնանշեց հայկական արվեստի մեծ գիտական ներուժը։

«Մենք կարծես երիտասարդ կադրերի վիճակագրություն ենք իրականացնում, որպեսզի հերքենք գիտության այս ճյուղում առկա ճգնաժամի վերաբերյալ կարծիքը։ Արդեն հիմա առաջին համաժողովի արդյունքներով կարելի է ասել, որ հայկական արվեստաբանությունը ի դեմս երիտասարդ սերնդի ունի վստահելի ներուժ և զարգացման մեծ հեռանկարներ»,-հայտարարեց Բարխուդարյանը։

Նրա խոսքերով, երկրի բարձրագույն ղեկավարությունը բազմիցս շեշտել է հայագիտության զարգացման կարևորությունը և նրա դերը քաղաքական, գաղափարական և հոգեբանական տեսակետից, քանի որ այս ոլորտը իր հսկայական պատմա-մշակութային ժառանգությամբ ներկայացնում է հայությունը։

«Դրա հետ կապված մեծ ուշադրություն է դարձվում այս ոլորտում աշխատող երիտասարդ գիտնականներին»,-ընգծեց նա։

Համաժողովի աշխատանքներին մասնակցում են 13 արվեստաբաններ Հայաստանի ԳԱԱ-ից, Փարիզի Սորբոնի համալսարանից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Երևանի արվեստների պետական ակադեմիայից, Երևանի թատրոնի և կինոյի պետական համալսարանից, Հայաստանի ազգային պատկերասրահից, Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից։

Երիտասարդ արվեստաբանների առաջին համաժողովը տեղի ունեցավ 2005-ի նոյեմբերի 16-17-ը։ Այն նվիրված էր հանրապետությունում միակ Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտի թեկնածուականների պաշտպանության մասնագիտացված խորհրդի ստեղծման 10-ամյակին։ Համաժողովի աշխատանքներին մասնակցել են 40 երիտասարդ արվեստաբան-հայագետներ բարձրագույն ուսումնական հաստատություներից, Հայաստանի և սփյուռքի հայագիտության կենտրոններից։--0--