ՀՀ նախագահն իր խորհրդական Ցոլակյանին նշանակել է ԱԱԾ պետի տեղակալ

01.11.2007, 17:33
ՀՀ նախագահն իր խորհրդական Ցոլակյանին նշանակել է ԱԱԾ պետի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահն իր խորհրդական Ֆելիքս Ցոլակյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ։

«Նոյեմբերի 1-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Ֆելիքս Ցոլակյանին նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու և նրան ՀՀ կառավարությանը կից Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ նշանակելու մասին»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Ֆելիքս Ցոլակյանը ծնվել է 1952թ. հունվարի 27-ին։ 1969-1974թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1980-1985թթ. եղել է օպերլիազոր, ՀԽՍՀ Գորիս քաղաքի Պետական անվտանգության կոմիտեի բաժանմունքի ավագ օպերլիազոր։

1985-1991թթ.՝ ՀԽՍՀ Եղեգնաձորի ՊԱԿ-ի բաժանմունքի պետ։ 1991-1992թթ.՝ ՀՀ Եղեգնաձորի շրջգործկոմի նախագահի տեղակալ։ 1993-1996թթ.՝ ՀՀ Մասիս քաղաքի ԱԱՎ բաժանմունքի պետ։

1996-1997թթ.՝ ՀՀ Շիրակի ԱԱ շրջանային վարչության պետ։ 1997-1999թթ.՝ ՀՀ Երևանի ազգային անվտանգության վարչության պետ։ 1999-2003թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկիչ վարչության պետ։ 1999թ.-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով, նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

2003թ. հուլիսից մինչև 2007թ. զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր  Հարկային պետական ծառայության պետի պաշտոնը։ --0—