Երևանում հայտարարվել են դպրոցի լավագույն տնօրենի, ուսուցչի և դաստիարակի անունները
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Երևանում տեղի ունեցավ «Դպրոցի լավագույն տնօրեն», «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
«Լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթել է Երևանի 114-րդ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը։ «Լավագույն ուսուցիչ է» ճանաչվել Գեղարքունիքի մարզի 9-րդ դպրոցի կրտսեր դասարաների ուսուցչուհի Շուշան Պիպոյանը։ «Լավագույն դաստիարակ» անվանակարգում մրցույթի հաղթող է դարձել Շիրակի մարզի «Անի» մանկապարտեզի դաստիարակ Անժելա Գրիգորյանը։
«Լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթողին շնորհվեց համակարգիչ, իսկ «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն դաստիարակ» անվանակարգերում հաղթողները ստացան մեկական «ՎԱԶ-2107» ավտոմեքենա։
Միջոցառման ընթացքում վարչապետ Սերժ Սարգսյանի անունից կրթության ոլորտի աշխատակիցներին շնորհվեցին «Մովսես Խորենացի» մեդալներ, շնորհակալագրեր, ինչպես նաև՝ «Վաստակավոր մանկավարժ» կոչումներ։
Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի բոլոր աշխատակիցներին շնորհավորեց՝ մասնագիտական տոնի առթիվ։
«Շնորհավորում եմ ձեզ՝ այս լուսավոր տոնի կապակցությամբ։ Շնորհակալ եմ, որ դուք կաք և պատվով կատարում եք ձեր առաքելությունը»,-ասաց վարչապետը։
Միջոցառման մասնակիցներին Ուսուցչի օրվա կապակցությամբ շնորհավորեց նաև Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
«Մենք բազմաթիվ դժվարությունների միջով ենք անցել, բայց այսօր կարելի է ասել, որ կրթության համակարգը պահպանել է գլխավոր արժեքները՝ արհեստավարժության որակը և կարևոր հատկանիշները»,-ասաց նախարարը։
Հայաստանի կառավարությունն ավելի վաղ 5,62 մլն. դրամ (16,5 հազ. ԱՄՆ դոլար) էր հատկացրել՝ երկու «ՎԱԶ-2107» ավտոմեքենա գնելու համար, որոնք նախատեսված էին «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթներում հաղթողների համար։--0--