Հայ պատգամավորները կշարունակեն ուկրաինացի գործընկերների հետ համագործակցությունը` գերագույն ռադա ընտրություններից հետո. խոսնակ
Հայ պատգամավորները կշարունակեն ուկրաինացի գործընկերների հետ համագործակցությունը՝ Գերագույն ռադա ընտրություններից հետո։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։
«Ռադայի ընտրությունները կայացած փաստ եմ համարում, և մենք կշարունակենք Ուկրաինայի խորհրդարանի հետ համագործակցությունը»,-ասաց նա։
Թորոսյանը հայտարարեց, որ մի քանի շաբաթից պարզ կդառնա, թե կարողացել է արդյոք ուկրաինական կողմը լուծել իր խորհրդարանական աշխատանքի, կառավարության և նախագահի հետ համագործակցության խնդիրները։
«Նման բարդությունների դեպքում տրամաբանական դարձավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, բայց ընտրություններում ձայների բաշխումն այնպիսին է, որ դժվարություները շարունակվում են»,-կարծում է խոսնակը։
Մարզային ընտրատեղամասերի 97,35% -ի մշակման արդյունքներով Ռադայի ընտրություներում առաջատարը Մարզերի կուսակցությունն է, որը հավաքել է ընտրողների ձայների 34,16%-ը։ Յուլիա Տիմոշենկոյի դաշինքի օգտին է քվեարկել ընտրողների 30,84%-ը։ Երրոդ տեղում «Մեր Ուկրաինա-Ազգային ինքնապաշտպանություն» միությունն է 14,29%-ով։--0—