Լոռու դատախազի սպանության գործում դեռևս նորություններ չկան. ՀՀ գլխավոր դատախազ

24.09.2007, 19:49
Լոռու դատախազի սպանության գործում դեռևս նորություններ չկան. ՀՀ գլխավոր դատախազ

Լոռու դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործում դեռևս նորություններ չկան։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

«Նախաքննությունը և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են նույն արդյունավետությամբ։ Վանաձորում աշխատում է քննչական խումբ, որը տեղի իրավապահ բոլոր մարմինների հետ համաձայնեցված աշխատանք է վարում»,-պարզաբանեց նա։

Նա տեղեկացրեց, որ գործում կան մի քանի նախնական վարկածներ, որոնց ուղղությամբ աշխատանք է տարվում, բայց հանրությանը կոնկրետ նորություններ հայտնել իրավապահ մարմինները դեռևս չեն կարող։

Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը սպանվել է օգոստոսի 25-ին՝ ժամը 00։20ին։ Անհայտ անձը չորս անգամ կրակել է նրա վրա, ինչի հետևանքով  դատախազը ստացել էր երեք թափանցանց և մեկ կույր հրազենային վերք՝ պարանոցի ետևի և ուսերի հատվածում։

ՀՀ գլխավոր դատախազությունը սպանության փաստով գործ է հարուցել ՀՀ ՔՕ 104 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով (անձի կամ նրա մերձավորների սպանություն՝ այդ անձի ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված)։

Ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում են Գլխավոր դատախազության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության փորձառու աշխատակիցներ։ --0--